Հայաստանի դեսպանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Մարտի 15-ին Ռոտերդամի Maison d’Armeni նորաձևության սրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը (Ahmed Aboutaleb), Հաագայում հավատարմագրված Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դեսպաններ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդների քաղաքական, տնտեսական և մշակութային շրջանակների, հոլանդահայ համայնքի ֆրանսախոս ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին` Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ մեծ պատիվ է Ռոտերդամի սրտում գտնվող հայկական նորաձևության տանը հյուրընկալել բազմազանության, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության, հավասարության, ժողովրդավարության արժեքների վրա հիմնված Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությանը հավատարիմ հանրության ներկայացուցիչներին։ Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները, «Ապրել միասին» կոչի նպատակները՝ վստահեցնելով, որ որպես ՖՄԿ նախագահող երկիր, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։

Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած բազմամշակույթ քաղաքում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում կազմակերպելու համար։ Քաղաքապետը շնորհավորել է Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը փայլուն կերպով անցկացնելու և կառույցի նախագահությունը ստանձնելու համար` վստահություն հայտնելով, որ ֆրանկոֆոնիան կշարունակի իր կարևոր առաքելությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։