ՀՀ-Իրան դաշինքի խիստ կարիք կա, չպետք է սպասել Թեհրան-Բաքու հարաբերությունների բարդացմանը․ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Վ

Հայ-իրանական հարաբերությունները չպետք է հիմնված լինեն իրավիճակային լուծումների վրա։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով վերջերս Իրան-Ադրբեջան հարաբերությունների աննախադեպ սրման հարցին։

Ըստ Ոսկանյանի՝ չպետք է սպասել, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները բարդանան և նոր զարգացնել Հայաստան-Իրան հարաբերությունները․ «Հայ-իրանական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Եվ մի կարևոր առանձահատկություն են ձեռք բերել 44-օրյա պատերազմից հետո՝ դա ադրբեջանաթուրքական լկտի նկրտումների ֆոնին հայ-իրանական դաշինք ստեղծելու անհրաժեշտությունն է։ Ընդ որում, այդ դաշինքն ունի քաղաքակրթական հիմք։ Այսինքն՝ ըստ էության, տարածաշրջանային հինավուրց ժողովուրդ հայերը և իրանցիներն այդ դաշինքի մեջ, առաջին հերթին, պետք է ապահովեն անվտանգային խնդիրներն այնպիսի բարբարոսական վարչախմբի դեմ, ինչպիսին կա Բաքվում»։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքերով, մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են լուրջ հնարավորություններ Իրանի հետ բազմաբաղադրիչ անվտանգային համագործակցություն զարգացնելու համար․ «Դա Հայաստանին հնարավորություն կտա ոչ միայն զսպել Բաքվի նկրտումները Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլև հաջորդ փուլերում ճնշել Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Որովհետև այդ վարչախումբը հարցը դրել է հետևյալ չակերտավոր բովանդակությամբ՝ «նրանք կամ մենք»։ Այսինքն՝ որևէ փոխզիջում կամ փոխզիջման տեղ չի մնացել այս ամբողջ համատեքստից, որը, կրկնեմ, մեզ համար շատ ձեռնտու, շատ արդյունավետ և շատ կարևոր գործիք կարող է լինել առաջ մղելու ՀՀ շահերը, ավելի ամրապնդելու եղբայրական Իրանի հետ հարաբերությունները»։

Ադրբեջանում իսրայելական ներկայության, Բաքու-Թել-Ավիվ հարաբերությունների հետ կապված իրանական կողմը վերջին շրջանում էլ ավելի բացահայտ է արտահայտում իր դժգոհությունը (օր․՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հետ կապված), և իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքերով, անկախ դրանից, պետք է խորացնել Իրանի հետ հարաբերությունները․ «Բոլորի համար պարզ է, որ Իսրայելը հսկայական ներկայություն ունի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածքում։ Եվ այդ ներկայությունը չի բխում մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության շահերից։

Ըստ էության, Ադրբեջանն օգտագործվում է որպես հակաիրանական պլացդարմ։ Բաքվի վարչախումբն Իսրայելի հետ համագործակցությամբ, և ոչ միայն Իսրայելի հետ, գործում է Հայաստանի դեմ։ Հետևաբար` այդ ներկայությունը մեր շահերի տեսանկյունից մերժելի է։ Ուստի, այստեղ ևս համագործակցություն է առկա»։

Ոսկանյանն ասաց, որ կա ևս մեկ կարևոր առանձնահատկություն․ «Անկախ իսրայելական ներկայությունից, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր էությամբ հակաիրական, հակահայկական և հակառուսական գոյացություն է։ Եվ այս գոյացության ինքնության հիմքն իսկ հակաիրանական, հակահայկական և հակառուսական է»։

«Ուստի չպետք է պատրանք ունենալ, դիցուք՝ իսրայելական ներկայության հնարավոր թուլացման պայմաններում Ադրբեջանում կարող է իրավիճակ փոխվել։ Առաջինը՝ գրեթե անհնար է այդ ներկայության կրճատումը, որովհետև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես Բաքվի բռնապետն է բնորոշում, նման են մի այսբերգի, որի միայն վերևի հատվածն է երևում։

Եվ երկրորդը՝ եթե նույնիսկ մոդելավորենք իրավիճակը, որ այդ ներկայությունը չկա, միևնույն է, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը շարունակելու է մնալ հակաիրանական, հակառուսական, հակահայկական քաղցկեղային գոյացություն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարերլ էր, որ «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ») է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանության չորս աշխատակցի։ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին դարձյալ կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է Բաքվի դժգոհությունը Ադրբեջանի նկատմամբ Իրանի «սադրիչ գործողությունների վերաբերյալ»։ Ավելի վաղ, նաև Կրոնական կառույցների հետ աշխատանքի ադրբեջանական պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, թե Թեհրանը Բաքվի վրա ճնշում է գործադրում «կրոնական գաղափարախոսության» միջոցով։ 

Բացի նշվածը, հարաբերությունների խիստ լարվելու վրա ազդեցություն էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցելությունն Իսրայել։ Բայրամովի հետ հանդիպումից հետ համատեղ ասուլիսի ժամանակ նրա իսրայելցի պաշտոնակից Էլի Քոենը հայտարարել էր, որ Իսրայելը և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը իրանական վտանգը չեզոքացնելու համար։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ