Ընդդիմությունը կմասնակցի ԱԺ նիստին. Մհեր Սահակյանի իրավիճակն այլ է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

աժ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագրի քննարկմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, երբ խորհրդարանը քննում էր պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրերը, ընդդիմադիրները բոյկոտեցին այդ նիստերը՝ պատճառաբանելով, թե իշխանությանը միայնակ են թողնում՝ իրենց սարքած շոուի հետ։ Ընդդիմության շարքերում կարծում են, որ Մհեր Սահակյանի իրավիճակն այլ է, Չարչյանի եւ Սեյրան Օհանյանի դեպքում իշխանությունը թմբկահարեց նախկին-ներկա դիսկուրսը, իսկ Սահակյանի դեպքում չի կարող, քանի որ խոսքը ո՛չ չարաշահման, ո՛չ թալանի մասին է, այլ՝ ինքնապաշտպանության։

Մեզ ասացին, որ հիմնականում դաշնակցականներն են պնդել, որ պետք է մասնակցել նիստին եւ պաշտպանել գործընկերոջը։ Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ ներկայացրած միջնորդագիրը կքննարկվի այսօր մեկնարկող նստաշրջանում։ Թեման` ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի կողմից մարտի 31-ին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին հասցված հարվածն է, որտեղ իրավապահները տեսել են երկու հանցանք` մարմնական վնասվածք եւ խուլիգանություն։

Նշենք, որ ԱԺ օրակարգում է նաեւ ՄԻՊ  ընտրության հարցը, որով էլ կմեկնարկեն օրակարգը, իսկ Մհեր Սահակյանի հարցը երկրորդն է: Բանն այն է, որ ապրիլի 12-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, եւ որպեսզի փակ քվեարկությունից շատ բացակայողներ չլինեն, որոշել են մինչեւ գործուղումը քննարկել այս հույժ կարեւոր հարցը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ