Տեղում զոհված Հենրիկը սպեցնազից էր, 44-օրյայում մարտի դաշտից ընկերոջը հանելիս վիրավորվել էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2023-04-12_13-01-53

Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմին մասնակցած հերոս տղա էր։ Այս մասին 24News-ին ասաց Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը՝ խոսելով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված հատուկջոկատային Հենրիկ Քոչարյանի մասին։

«Ծնողները վարձով են ապրում, լավ պայմաններում չեն ապրում։ 17-ամյա քույր, 11-ամյա եղբայր ունի։ Ինքը Երեւանում էր ապրում, գալիս-գնում էր, սպեցնազում էր ծառայում»,- ասաց Վայքի ղեկավարը։

Հենրիկ Քոչարյանը Վայքի դպրոցն է ավարտել, այնուհետև՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Վայքի համայնքապետն ասաց, որ դեռ մանրամասներ չի կարող հայտնել, թե ինչ պայմաներում է զոհվել Հենրիկ Քոչարյանը

Մաթևոսյանն ասաց նաև, որ Քոչարյանի հայրն աշխատավոր է, մայրը չի աշխատում, ընտանիքը նաև այգեգործությամբ, անասնապահությամբ է զբաղվում։ «Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, հերոս, աշխույժ, շատ ուժեղ տղա էր։ Ամուսնացած չէր։ Պատերազմի ժամանակ վիրավոր ընկերոջը մարտի դաշտից դուրս բերելիս էլ թեթեւ վիրավորում էր ստացել»,- եզրափակեց Վայքի համայնքապետը։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ սահմանամերձ բնակավայրում  փոխհրաձգություն էր սկսել Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական սադրանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր 3 զինծառայողի զոհվելու մասին։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ