Հայաստանը գովազդող անվճար տեսաֆիլմեր և հոլովակներ կպատրաստվեն․ ամերիկյան հեռուստաարտադրող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, Associated Television International հեռուստաարտադրող ընկերությունը , Academy Films ֆիլմարտադրող ընկերությունը Երևանում  կազմակերպել էին «Տուրիզմը և ֆիլմարտադրությունը. համագործակցության հեռանկարներ» խորագրով հանդիպում՝ Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Associated Television International հեռուստաարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄկՔենզին հայտարարեց, որ իրենց ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող մի շարք տեսաֆիլմեր և հոլովակներ պատրաստել, որոնք անհատույց հիմունքով կփոխանցվեն ՀՀ կառավարությանը` Հայաստանը միջազգային շուկաներում որպես տուրիստական ուղղություն գովազդելու նպատակով:

Նա տեղեկացրեց, որ իր ընկերությունը պատրաստ է հայաստանյան տուր օպերատորների և հյուրանոցների համար նկարահանել մարկետինգային հոլովակներ, որոնք նրանք կարող են ազատ գործածել սեփական պրոդուկտն ու ծառայությունները լավագույնս ներկայացնելու համար:

«Մենք պատրաստ ենք նկարահանել և տրամադրել այդ նյութերը երեք ամսվա ընթացքում: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լայն հանրությանը հայտնի դառնա որպես տուրիստական հրապուրիչ ու հետաքրքիր վայր: Դրա համար աշխարհի հետ պետք է խոսենք բոլոր հասանելի միջոցներով»,- ասաց Դեյվիդ ՄկՔենզին:

Հանդիպմանը մասնակցեց ՀՀ վարչապետ գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որը վարչապետի աշխատակազմի անունից երախտագիտություն հայտնեց գործարար Սերգեյ Սարկիսովին, Դեյվիդ և Լորա ՄկՔենզիներին, Academy Films ընկերությանը կատարած աշխատանքի համար:

«Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստանում կարողանա ներգարվվել և օգուտ քաղել զբոսաշրջությունից»,-ասաց Արսեն Գասպարյանը` շեշտելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար թիրախային ուղղություն է: