Ոմանք չեն ուզում հասնել 21-րդ դարի քաղաքացուն, այլ նրան հետ քաշել 20-րդ դար․ ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Ուսուցման եվրոպական հիմնադրամն կազմակերպել էին «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առանձնակի է կարևորում կրթության  նշանակությունը, որն արտացոլվում է ինչպես փաստաթղթերում, մասնավորապես, կառավարության ծրագրում, այնպես էլ հնչեցված հայտարարություններում:

«ԵՄ-ի հետ քննարկումներում երիտասարդության և կրթության հարցերը եղել են առաջնային: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերը, և իմ պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել և կոնկրետ աշխատանքներ կատարվել: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի՝  տարեկան գործողությունների պլանի համատեքստում կարևորում ենք «ԵՄ-ն հանուն նորարարության», «ԵՄ-ն քաղաքացիների համար» և «Հորիզոն 2020»-ի համար մշակվող հնարավոր համագործակցության ծրագրերը: Եվ այս պլատֆորմն այդ առումով նշանակալի է: Մենք գիտենք, թե ԵՄ-ն որքան է կարևորում երկկողմ հարաբերությունները և որքան նշանակություն է տալիս նորարարությանը: Կրթության համակարգի շահառու խմբերի հետ իմ հանդիպումները ցույց են տալիս, որ մենք ունենք փայլուն աշակերտներ և երիտասարդներ, որոնք 21-րդ դարի քաղաքացիներ են, և նրանք, ըստ էության,  նշանակալի դերակատարում ունեցան նախորդ տարվա իրադարձություններում: Սակայն, դրան զուգահեռ, ցավոք, ունենք 20-րդ դարի կրթական համակարգ, և հաճախ որոշ փոքր շահառու խմբերի կողմից կան միտումներ, որ ոչ թե նրանք են ցանկանում հասնել 21-րդ դարի քաղաքացուն, այլ փորձում են վերջինիս հետ քաշել 20-րդ դար», - նշել է Արայիկ Հարությունյանը՝ գոհունակություն հայտնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում քննարկումների կապակցությամբ:

«Գիտեք, որ կառավարության ծրագրում հատուկ շեշտվում է, որ ձգտում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, իսկ առանց կրթության ոլորտում հատուկ գործիքների ներդրման, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում, չենք կարող հաջողություն ունենալ, ուստի այդ խնդիրը լուծելու համար մենք կառաջարկենք ծրագրեր: ՄԿՈՒ ոլորտում նույնպես նախկինում բավական աշխատանք է կատարվել, որոնք կրելու են շարունակական բնույթ:», - ավելացրել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման արդյունքում ևս կխորանա ԵՄ-ի համագործակցությունը և կմատնանշվեն նոր հնարավորություններ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ ենք ՀՀ մեր գործընկերների հետ սկսել համագործակցության երկխոսությունը կրթության ոլորտում: Համոզված ենք, որ կրթությունը կարևոր դեր ունի ներկայիս կառավարության ծրագրում, որը ճիշտ ռազմավարական ընտրություն է, քանի որ կրթությունն անգնահատելի նշանակություն ունի: Հայաստանն ունի տաղանդավոր ժողովուրդ, հզոր մարդկային ռեսուրս և արժանի է նոր ջանքի՝ իր կրթական համակարգն արդիականացնելու և բարելավելու: Մենք ուրախ ենք, որ այժմ աշխատում ենք այնպիսի կառավարության հետ, որն այդքան մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և ունի այսպիսի պատվախնդիր ծրագրեր: Ուրախ ենք, որ գործընկեր ենք ՀՀ ներկայիս կառավարությանը և հնարավորինս կօժանդակենք նրան»:

Քննարկման ընթացքում ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է համառոտ հաշվետվություն՝ Հայաստանի կրթության և գիտության համակարգի զարգացման նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս