Սկսում ենք Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանին միավորելու գործընթացը․ «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության ներկայացուցիչներն ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության պետական գրանցումից հետո նախաձեռնում են  Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու առաջին գործնական քայլը։

«Սասնա ծռեր համահայկական շարժումը սկսում է Արցախը Հայաստանի հանրապետության կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը: Գիտենք, որ Արցախը Հայաստանի կազմում դէ յուրե ներառելու համար կան տարբեր առաջարկներ՝ հանրաքվե, երկու խորհրդարանների համատեղ որոշում, ՀՀ կողմից ուղղակի ներառում և այլն: Մենք որևէ տարբերակի առաջնահերթություն չենք տալիս և պատրաստ ենք քննարկել բոլոր տարբերակները: Նաև արձանագրում ենք, որ որևէ տարբերակի վերջնական ընտրության մասին առաջին խոսքը պետք է պատկանի Արցախում նոր ձևավորվելիք այն քաղաքական ղեկավարությանը, որի օրակարգի առանցքը կլինի Արցախը դէ յուրե Հայաստանի կազմում ներառելու հարցը», - ասել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը նշել է։

Վարուժան Ավետիսյանը նաև նշել է, որ պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու հարցը: Նա նաև հայտնել է, որ գործընթացն սկսվում է Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքին հասնելու ստորագրահավաքով:

««Սասնա Ծռեր» համահայկական շարժումը այս գործընթացը սկսում է հիմա, քանի որ դրա համար անհրաժեշտ էր Արցախում ունենալ քաղաքական, կազմակերպչական միավոր և այժմ այդ միավորը կա»,  -հայտարարել է Վարուժան Ավետիսյանը:

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը ներկայացրեց քարտուղարության համակարգող Գեղամ Գրիգորյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։