Անընդունելի է Արցախին որևէ պետության մանդատ տրամադրելու հարցը․ Մարուքյանը՝ Բաբայանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

Մեզ համար կտրականապես անընդունելի է Արցախը որեւէ պետության մանդատի տրամադրելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչքանով է ընդունելի Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Արցախը պետք է դրվի Ռուսաստանի Դաշնության մանդատի ներքո:

«Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ինչ-որ մի պետության մանդատի տակ դնել: Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, եւ մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարեւոր պայման է, հետեւաբար պետք է պայքարել դրա համար: Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաեւ հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետեւաբար դրանից հետո խոսել Արցախը որեւէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- մասնավորապես նշել է Մարուքյանը: