Դավիթ Տոնոյանը կներկայանա՞ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

տոնոյան քոչարյան

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է լսել նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ում հրավիրելու են նիստին։ Սակայն մեզ հետ զրույցում Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դեռեւս Անդրանիկ Քոչարյանի կողմից ղեկավարվող ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ներկայանալու առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, որ Տոնոյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, պատերազմից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց հայտնի «հրթիռների» գործով, որով Տոնոյանը կալանավորվեց եւ մինչ այժմ կալանավորված է։

Պաշտպանին հարցրինք՝ եթե Տոնոյանին կանչեն հանձնաժողով, կգնա՞, հաշվի առնելով, որ բազմաթիվ նախկին զինվորականներ՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք, հրաժարվել են ներկայանալ եւ Անդրանիկ Քոչարյանին բացատրություններ տալ։ «Դավիթ Տոնոյանն այս պահին չի ստացել որեւէ հրավեր, երբ պաշտոնապես ստանա, դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կասի։ Այս պահին չեմ կարող, հրավերը չստացած, որեւէ բան ասել»,- ասաց պաշտպանը։ Հարցրինք՝ այդ թեման իր պաշտպանյալի հետ չի՞ քննարկել, Տոնոյանը դիրքորոշում չի՞ հայտնել։ «Իր դիրքորոշումն այդպիսին է, ինչպես ասացի»,- պատասխանեց պաշտպանը։ Ինչ վերաբերում է Տոնոյանին առաջադրված մեղադրանքի դատաքննության ընթացքին, պաշտպանն ասաց, որ գործը վկաների հարցաքննության փուլում է․ «Այս պահին 6-րդ վկան է, կարծեմ, հարցաքննվում, ընդհանուր 15 վկա կա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ