Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

.

Շվեդիայի Վեստերոս քաղաքում 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող որոշումներ կայացնել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների խմբակցությունները համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ իրենք ցանկանում են, որ հուշարձանը տեղադրվի, սակայն օրենքով քաղաքապետարանը չի կարող տարածք հատկացնել հուշարձանի համար: Վերջիններս հայտարարել էին, որ հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե որևէ կազմակերպություն կամ անհատ իր սեփական տարածքը հատկացնի հուշարձանի տեղադրման համար: Այս հայտարարությանն առաջինը արձագանքել է եկեղեցին:

Վեստերոսի եպիսկոպոս Միքաել Մորգանը և Եկեղեցու խորհրդի նախագահ Յորգեն Էքլանդը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ եկեղեցին պատրաստ է իրեն պատկանող հողատարածքներից տարածք տրամադրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար: