ԵՄ համագործակցությամբ՝ ՀՀ-ում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 19, 24News

ԵՄ ՀՀ

Մարտի 18-ին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը եւ  միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երեւան քննարկելու հանրային եւ մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները եւ կայուն ներդրումային լուծումները:

Նույն օրը, Եվրոպական միության եւ միջազգային ֆինանսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներն հանդիպել են ՀՀ կառավարության պետական նախարարների եւ ոլորտի փորձագետների հետ եւ քննարկել շենքերի էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների մակարդակը բարձրացնելու համար առկա ներուժը եւ անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը:

«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչեւ 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների եւ շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաեւ մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից:

«Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի եւ գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ,  աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարեւոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի եւ ծախսերի խնայողության, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է  էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արեւելյան հարեւանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյը: