«Հայ եկեղեցու պատմությունը» դուրս կգա դպրոցից. ԿԳՄՍ-ն հաստատակամ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

2021 թ․ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները, և չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Վեհափառի՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին երեկվա դիտարկումներին։

«Ինչ վերաբերում է եկեղեցու բարձրացրած մտահոգություններին կամ դիրքորոշմանը, նոր չէ դա, մենք արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետև չափորոշչի քննարկման և հաստատման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար։ Իհարկե, մենք ըմբռնումով ենք մոտենում, և ես չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում, և կարծում եմ, որ կարող են կարծիքները տարբեր լինել և տարբեր էլ մնալ նույնիսկ քննարկումներից հետո, բայց կարևոր է, որ կարողանում ենք բաց խոսել»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Վեհափառ Հայրապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մայր Աթոռի համար անընդունելի է այն մոտեցումը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուզում են տարրալուծել այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով։ Նրա ձևակերպմամբ՝ խնդրի կապակցությամբ պետք է հանձնաժողովների հետ հանդիպումներ, քննարկումներ լինեն, ինչի արդյունքում էլ լուծումների կհանգեն: Նրա խոսքով` այդ առաջարկի մասին հայտնել են նաև Ժաննա Անդրեասյանին և այժմ սպասում են արձագանքի։

 Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն`2023–24 ուսումնական տարվանից «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա չի լինելու և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ