Համբարյանի կողմից դատավորին վիրավորելու դեպքով նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

06a19f76ed14563e9bda1edd8af3f4de_M

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ 2023թ. մարտի 29-ին Գ.Հ.-ն իր կողմից օգտագործվող «Gagik Hambaryan» ֆեյսբուքյան անհատական էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը: Հրապարակումը, որում հիշյալ դատավորի հասցեին վիրավորական մի շարք արտահայտություններ էին օգտագործվել, իր հերթին շրջանառության մեջ է դրվել մի շարք լրատվական կայքերի կողմից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ