Լայնածավալ հարձակումը բացառում եմ, դիմացը բանակցություններ են, այդ քայլին չեն գնա. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Այս պահին Սոթքի ուղղությամբ հրետանային կրակոցներ չկան, բայց իրավիճակը լարված է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

«Մեր կողմից նոյնպես համապատասխան զինատեսակներով պատասխանել ենք։ Մասշտաբը ո՞րն է, իրենք էն կողմից են կրակում, մերոնք՝ էս կողմից։ Եթե հրետանի օգտագործվել է, ուրեմն վիճակը ահագին լուրջ է եղել, համապատասխան պատասխան ստացել են», - ասել է նա՝ հավելելով, որ կրակը եղել է միայն դիրքերի ուղղությամբ, գյուղերի ուղղությամբ կրակ չի եղել։

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ են Սոթքի բնակիների մի մասը դուրս եկել գյուղից, Մելքոնյանը նշեց. «Եթե կրակոցներ են եղել, ուրեմն պետք է տարհանվեն, կարո՞ղ ա իրենց հետ պայման են կապել, որ գյուղերին չխփեն, թուրք են, կարող են խփել», - նկատեց նա։ Ըստ Մելքոնյանի, «ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իրենք հզոր են, որ բանակցություններից առաջ մեզ ճնշեն, բայց դա մեզ չի անհանգստացնում, բանակցությունները գնալու են էնպես, ինչպես պետք ա»։

«Բոլոր տեղերից էլ փորձում են սադրել, փնտրում են, թե որտեղ կարող է թույլ կետ լինել», - նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ