Պետք է հնարավորինս արագ հասունացնենք և ստորագրենք խաղաղության պայմանագիրը․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ լուսադեմին ադրբեջանական ԶՈՒ ստարաբաժնումների կողմից հրետանային զենքերից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրել իրավիճակի սրման Ադրբեջանի հիմնական նպատակները:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Այսօր ժամը 06:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստարաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին:

Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունն որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:

Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար: Սա տեղի է ունենում հիմա: Սա է տեղի ունենում հիմա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են: Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար:

Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար: Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, կրկնում եմ, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը:

Բայց սա միակ նպատակը չէ, և հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը: Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է: Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով:

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով: Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի, այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում:

Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի: Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել:

Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փորթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել:

Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման: Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում:

Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է այս համատեքսում հետևյալն է՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա: Մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն, կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից:

Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները, և ընդհանրապես, դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել: Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին: Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ:

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը: Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրությունը լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել: Շնորհակալություն»:

--00—ԱՊ