Ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները արցախցի երիտասարդների կրթության իրավունքի իրացման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

արցախ

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուների կողմից ներկայացվել են արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքները: Այդ մասին հաղորդում է Արցախի պետնախարար գուրգեն Ներսիսյանը։ 

«Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են այս և մյուս խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները, ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները Արցախի երիտասարդության կրթության իրավունքի իրացման համար»,- նշել է նա։ 

--00—ՍՊ