Գյումրիի բյուջեն ընդամենը 3.3մլրդ է, Իսկ Երևանինը՝ 11 անգամ ավելի․ Գյումրու քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել քաղաքի կանաչ գոտիներն ու մայթերը զավթելուն:

«Մայթերը որեւէ մեկն իրենց սեփական չի տալիս, 12 թվից առաջ արել են, ամեն ինչ արվել է, նույնիսկ փողոցի վրա է սեփականաշնորհվել: Բայց թյուրիմացություններ էլ կան»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Օպերայի օրինակով, նաեւ Գյումրիում ապօրինությունները վերացնել, Գյումրու քաղաքապետը պատասխանել է՝ անպայման:

«Էսօրվա դրությամբ պետք է կարողանանք Լաչինի միջանցքը ձերբազատել էդ փողոցի վրա վաճառվող ապրանքից: Բերում են Շահումյան փողոցի մեջտեղում իրենց բահերը ուղիղ փողոցի կենտրոնում ցուցադրում են, գնում են մեր աշխատակիցները, վեճ-վիճաբանություն է լինում, ասում են՝ մեր հացն եք կտրում: Ռիժկովի փողոցը դարձել էր նույն Լաչինի միջանցքը, ամեն օր տեսնում էիր, որ նույն մարդը բերում, իր կանաչիները վաճառում էր: Մենք համոզել ենք, որ գնա Լաչինի միջանցքում տեղ գտնի, իր կանաչին վաճառի, մինչեւ մենք այլընտրանք ունենանք առաջարկելու»:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի վտանգավորության հարցին: Քաղաքապետն ասաց՝ մտահոգ է, կամուրջը տակից էլ, վրայից էլ պարբերաբար ուսումնասիրում է: Վերականգնման լուրջ ծրագիր է պետք: «Բայց որտե՞ղ եք տեսել՝ քաղաքապետը կարողանա կամուրջ վերանորոգի: Հսկայական գումարներ են պետք, իսկ այդ հնարավորությունը քաղաքի բյուջեն չունի: 22 մլրդ տալիս եք Երեւանին, Գյումրիի բյուջեն ընդամենը 3.3մլրդ է, 7մլն դոլարի չափ է: Իսկ Երեւանին 11 անգամ ավել գումար եք տալիս: Մեզ էլ տվեք, 3.3-ի փոխարեն 5 մլրդ տվեք, տեսեք, թե քաղաքն ինչքան արագ կկառուցվի: Իսկ դրա համար պետք է, որ մենք համախմբվենք, քաղաքապետը, մարզպետը: Այս հարցում մեր պատգամավորները շատ ակտիվ պետք է լինեն», ասել է քաղաքապետը։