Այս թանգարանում հավաքվող ամեն գիրք, լուսանկար ճշմարտության դեսպաններ են․ Ռալֆ Յիրիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է հանդիպում՝ օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից:

Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված և հավաքածու՝ ճշմարտությունը ներկայացնող դեսպան են: Այդ ամենը կարևոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին և աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարևոր է, որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլևս չկրկնվի: Սա ասում եմ ոչ միայն որպես ադանահայի շառավիղ, այլև ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափ վերաբերմունքը: Ես ատելության հետևանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդները պետք է ապրեն այլ՝ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաև դրա համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող մեծածավալ նյութ։

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները և ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները: