ՀՀ դեսպանը Լոձի իշխանությունների հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 20, 24News

.

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մարտի 19-ին այցելել է Լեհաստանի Լոձ քաղաք: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Լոձի վոևոդա (նահանգապետ) Զբիգնև Ռաուի (Zbigniew Rau), վոևոդության մարշալեկ (նահանգային խորհրդի ղեկավար) Գժեգոժ Շրայբերի (Grzegorz Schreiber), նահանգային օրենսդիր մարմնի (սեյմիկի) նախագահ Իվոնա Կոպերսկայի (Iwona Koperska) և Լոձի քաղաքապետ Հանա Ժդանովսկայի (Hanna Zdanowska) հետ:

Բարեկամական ջերմ մթնոլորտում կայացած բոլոր հանդիպումների ընթացքում քննարկումներ ընթացան մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հետագա համագործակցության հաստատման և ընդլայնման շուրջ: Մասնավորապես՝ դիտարկվեցին ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված և միջմարզային, ինչպես նաև առևտրատնտեսական և գործարար շրջանակների, կրթամշակութային և հումանիտար համագործակցության փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում նախատեսվող և հետագա նախանշվող փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ: Հանդիպումների ժամանակ երկուստեք ուշադրության արժանացավ Լեհաստանի հայ համայնքային գործիչների ու կազմակերպությունների դերակատարությունը:

Դեսպան Մկրտչյանն իր այցելության շրջանակներում ծանոթացավ նաև Լոձի պատմամշակութային ժառանգությանը և արդյունաբերական հնարավորություններին»: