Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

550a6b68-6efa-468f-ba8b-a3ae8a704244.jpg

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, որոնց ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. հունիսից:

Թեմաներն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում՝ 5 տարի տևողությամբ: Հետազոտական աշխատանքները ղեկավարելու են վերջին 5 տարիներից առնվազն 4-ն արտերկրում բնակված, գիտական աստիճան և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում որոշակի քանակի հրապարակումներ ունեցող մինչև 50 տարեկան գիտնականներ, որոնք ծրագրի իրականացման ընթացքում տեղափոխվելու են ՀՀ: Գիտական խումբը պետք է ունենա արտերկրի գործընկեր (Foreign Partner/Collaborator), ինչպես նաև մինչև 35 տարեկան անդամներ:

Մրցույթի հիմնական նպատակը ՀՀ գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է՝ արտերկրի գիտական ներուժի և երիտասարդ հետազոտողների ներգրավման ու միջազգային համագործակցության զարգացման միջոցով:

Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. 2022-ին հայտարարված առաջին մրցույթի արդյունքում նույնպես ֆինանսավորվել էր 5 թեմա:

--00—ԶՀ