Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ազդեցությա՞մբ. «Առավոտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նազարբաև

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, և մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցնցում է ամբողջ աշխարհը:

Ցավոք, դա այդպես չէ, և անգամ ԱՊՀ տարածքում մեր ազդեցությունը սահմանափակ է այնքանով, որքանով փոքր է մեր տնտեսությունը և մեր շուկան: Ադրբեջանի վրա մեր հեղափոխությունը որոշ չափով ազդել է, քանի որ Ալիևը կցանկանար եվրոպացիներից և ամերիկացիներից լսել դրվատանքի նույն խոսքերը, որոնք այժմ հնչում են մեր հասցեին, և արդյունքում շահեցին ադրբեջանցի մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց այդ երկրի նախագահը ներում շնորհեց: Կենտրոնական Ասիայի պետությունները մեզ հետ «տալիք-առնելիք» առանձնապես չունեն և, ի դեպ, արևմտյան դրվատանքն էլ նրանց առանձնապես պետք չէ:

Ասում են նաև, որ Նազարբաևը բոլորովին էլ չի գնացել և շարունակելու է երկիրը ղեկավարել ստվերից, ու դրա անուղղակի ապացույցն այն է, որ նախագահի պարտականությունները ստանձնած Կասիմ-ժոմարտ Տոկաևը հենց երդմնակալության ժամանակ նշել է, որ Նազարբաևը ինչպես եղել է ղազախ ժողովրդի հայր, այդպես էլ կմնա, նրա նկարները կզարդարեն բոլոր հիմնարկները:

Տոկաևը նաև առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան:

Բայց անկախ նրանից, թե իշխանության որ մասն է իր ձեռքում պահելու Նազարբաևը, քաղաքական ռեժիմը և հասարակական մթնոլորտը չեն փոխվի՝ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում և արտացոլում են նեղ վերնախավային պայմանավորվածությունները:

Այդ ամենը խորթ է մեր քաղաքական մշակույթին, և հենց դա է պատճառը, որ մենք՝  հայաստանցիներս, ընդվզում ենք պաշտոնյաների սենյակներում կախված «առաջնորդի» դիմանկարների, առաջին դեմքի՝ պաշտոնում անվերջ մնալու ձգտումների դեմ, որը դրսևորվել էր մինչև հեղափոխությունը, կամ անձի պաշտամունքի տարրերի, որոնք ի հայտ են գալիս հիմա:

Բայց Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների համար դա միանգամայն օրգանական երևույթ է, այդպես է «ծրագրավորված» մարդկանց ուղեղները: Եվ դա ոչ լավ է, ոչ էլ վատ՝ պարզապես մեզնից տարբերվող մշակույթ է, ոչ մի քննադատելու կամ, առավել ևս, ծաղրելու նյութ այստեղ չկա: Պետք է շարունակել զարգացնել բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ՝ ելնելով մեր շահերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: