Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի․ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն՝ հայերի ու Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ԱՄՆ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձում 2020 թ. կայանալիք ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ Կոնգրեսում Հավայիներից ընտրված օրենսդիր Թուլսի Գաբարդը կոչ է արել փոփոխություններ անել երկրի վարած արտաքին քաղաքականությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել և նպաստել Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, բարգավաճելուն: 

Տեսաուղերձում Թուլսի Գաբարդը պատմել է նաև 2017 թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը, ապա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն միևնույն ժամանակ այն չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և միևնույն ժամանակ կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը:

Ըստ Թուլսի Գաբարդի՝ թեև հիմնախնդրի կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուհանդերձ, կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս