Պարզել են Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական գործողության բոլոր 50 զոհերի ինքնությունը

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

50 զոհեր

Քրայսթչերչ քաղաքում մարտի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության բոլոր 50 զոհերի ինքնությունը պարզվել է: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի ոստիկանության պետ Մայք Բուշը, հաղորդում է Radio News Zealand-ը:

Ավելի վաղ հաստատվել էր 21 զոհի ինքնությունը:

Ոստիկանության պետի խոսքով՝ բոլոր զոհերի մարմինները հանձնվել են հանգուցյալների հարազատներին ու ընտանիքներին:

Հաղորդվում է, որ Քրայսթչերչի ահաբեկչության գործը նորզելանդական ոստիկանության կողմից մինչ այժմ հետաքննված ամենախոշոր քրեական հանցագործությունն է եղել:

Հիշեցնենք, որ Քրայսթչերչ քաղաքում մահմեդականների դեմ ուղղված ահաբեկչական հարձակման համար ձերբակալվել է ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը: Նրա դեմ սպանության մեղադրանք է առաջադրվել: Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ: