ՀՀ քաղաքացու օր սահմանելու նախագիծը ներառվել է կառավարության նիստի օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է ընդգրկվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվում է ՀՀ քաղաքացու օր:

«ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:

«Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- նշված է հիմնավորման մեջ: