Փաշինյանը բարկացավ․ 3 ամիս պետական աշխատողը աշխատավարձ չստանա՞, 21-րդ դարում հնարավո՞ր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Կառավարության նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նամակ է ստացել «Արմաթ» լաբորատորիայի խմբակավարների կողմից. «ՀՀ-ում «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդնե 3 ամիս է՝ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավոր է՞ 21-րդ դարում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ, 3 ամիս աշխատավարձ չստանան»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է. «Նախորդ տարիներին լաբորատորիաների ծրագրերը դրամաշնորհով են ֆինանսավորվել, այս տարի ձևը փոխվել է՝ մրցութայինի, առարկություն են հայտնել, փետրվարին բանակցել ենք, նախագիծ պատրաստել ու ֆինանսների նախարարության հետ քննարկել, նախագիծը վաղը կքննարկվի նաև կոմիտեում և հաջորդ շաբաթ կընդունվի»:

«Խոսքը վերաբերում է ՀԿ-ների կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին»,- շարունակել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ծավալված քննարկումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է հարցը քննարկել կառավարության այսօրվա նիստում։ Նիկոլ Փաշինյանը զայրացել է. «Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից պետք է հրաժարվել: Պետք է հստակ իմանալ՝ ի՞նչ աշխատանք է պլանավորվում ու գնալ առաջ: Ոչ թե նամակ ստանամ, գամ, ասեմ, ասեք՝ բերեք այսօրվա նիստում քննարկենք... Քննարկեք, որոշում կայացրեք, ու այսուհետ էսպիսի դեպք չունենամ»: