Այո՛, վարկը կարող է 50 տոկոս լինել, ինչո՞ւ՝ ոչ․ քննարկում կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ՝ 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և իրականում ստացվում է 24 տոկոս:

«Ասում ենք, որ վարկի տոկոսն իջել է, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով  իրական տոկոսները չենք կարողանում արձանագրել: Վարկը ստանալու պահին  քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի, և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական»,-ասաց վարչապետը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ  խոսքն էֆեկտիվ տոկոսադրույքի մասին է, և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են:

«Մինչև տասը միլիոնանոց  սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացնել, թե որքան է տոկոսը, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնել տոկոսի մեջ, գումարը ֆիքսել, թե որքան է քաղաքացին մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկի պայմանագիրը ստորագրում է»,-ասաց նա և նշեց, որ այդ պրակտիկան տարիներ շարունակ իրականացնում են և հիփոթեկային օրենսդրության մեջ ևս նույնը ներառել են:

Վարչապետը հարցրեց, թե հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարություններն այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան շուկայում ինչ է կատարվում:

«Մտավախությունն այն է, որ թվերն իրականությունը չեն արտացոլում, և կարող ենք սխալ եզրակացությունների գալ»,-արտահայտվեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում են իրականությանը:

«Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, բայց ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», -ասաց Գրիգորյանը։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրինակ բերեց 2,5 միլիոն դրամ վարկ վերցնելու և պահանջվող վճարների մասին:

«Հո Ձեզ հետ դա չի պատահել»,-կատակեց վարչապետը, և Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ինքն աշխատում է վարկ չվերցնել: Այսպիսով` նախարարը նշեց, որ խնդիրը փոքր վարկերի հետ է կապված:

Կենտրոնական բանկի նախագահն էլ նշեց, որ իրենց վերցրած վարկերն էլ են այդպիսին, դրանց համար էլ վճարներ կան: Արթուր Ջավադյանը բարձրացրեց գրավատների հարցը և նշեց, որ այստեղ խնդիր կա նրանց կողմից ներկայացված տոկոսադրույքների առումով, քանի որ դա երբեմն գերազանցում է հարյուր տոկոսը:

«Հայաստանում հարյուր տոկոսով վարկ կա՞»,- հարցրեց վարչապետը, և Արթուր Ջավադյանը նշեց, որ կարծում է՝ դրանից ավել էլ կա: ԿԲ նախագահը չհամաձայնեց, որ գրավատները փոքր և միջին բիզնես են և օրինակ բերեց, թե որքան հարկ են տալիս գրավատները:

Մհեր Գրիգորյանն իր անհամաձայնությունը հայտնեց. «Դա վաշխառություն չէ, սա շուկա է, եթե մարդը վարկ է վերցրել և ժամանակին չի մարել, թող նրա վարկը 50 տոկոսով լինի»: 

«Ֆինանսական հարաբերություներում և ընդհանրապես բոլոր հարաբերություններում ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ ամեն մարդ ի վերջո ինքն է պատասխանատու իր գործունեության հետևանքների համար: Սա ՀՀ-ում շատ դեպերում արձանագրված չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ֆինանսական գրագիտությանը: