Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Մանվել Գրիգորյան

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այդ մասին  24News-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ըստ նրա՝ հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: «Թե´առաջնային, և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով  Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակը: 
Մանվել Գրիգորյանի փաստաբանները երկու օր առաջ՝ մարտի 19-ին, դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։ 
 
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: