Նշանակալի ձեռքբերումներից է 2 հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը․ Արցախի ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:

Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:

Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝

պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,

կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:  

1․ «Ազատ Հայրենիք» կուսակցություն

2․ Արցախի ժողովրդավարական կուսակցություն

3․ ՀՅԴ Արցախի ԿԿ  

ք. Ստեփանակերտ»