100 անգամ ասել եմ՝ ոչ ծեծկռտուքին եմ մասնակցել, ոչ այդ սենյակում եմ եղել․ Էդուարդ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 21, 24News

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանը պնդում է, որ անցած տարի հուլիսին տեղի ունեցած ծեծռկտուքին ինքը չի մասնակցել։

«Ես 100 անգամ ասել եմ՝ ոչ ծեծկռտուքին եմ մասնակցել, ոչ այդ սենյակում եմ եղել։ Մենք Ծառուկյանի հետ բարձրացել ենք վերեւ, երկու հոգու ընդունել ենք ու գնացել ենք, վերջ»,- ասաց Էդուարդ Բաբայանը։

Պատգամավորը հերքեց նաեւ մամուլի տեղեկությունները, թե տուժող Վյաչեսլավ Հարությունովը հոյհոյել է Ծառուկյանին, որից հետո նրան ծեծել են։ Հարցին՝ նա երբեւիցե մարդ ծեծել է, Բաբայանն արձագանքեց․ «Ոչ, ես ընդհանրապես մարդ չեմ ծեծել»։

Նշենք, որ Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում։

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։