1 տարին չլրացած զինծառայողին մարտական հերթապահության չներգրավելու՝ ԲՀԿ-ի առաջարկը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

զինվոր

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ի մի շարք պատգամավորների ներկայացրած օրինագծին, ըստ որի՝ առաջարկվում է 1 տարին չլրացած զինծառայողներին չներգրավել մարտական հերթապահությանը:

ԲՀԿ պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփխության արդյունքում մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կնպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը և կնպաստի սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն էլ իր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու բավարար ժամանակ և հնարավորություն կունենա՝ հետագայում մարտական առաջադրանքներն էլ ավելի բարձր մակարդակով կատարելու համար։

Նախարար Դավիթ Տոնոյանը կառավարությունն առաջարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ․

«ՀՀ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում ՀՀ Պնախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության եւ զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման եւ գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:

Այսինքն՝ որեւէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ: Նույն սկզբունքը գործում է նաեւ «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման գործընթացում:

Ներկայացված նախագծի համաձայն՝ վերը նշված ուսուցման փուլը ևս յոթ ամսով երկարաձգելը կլինի ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Բացի դրանից՝ նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի՝ համապատասխան զինծառայողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել: Արդյունքում կարող է ստացվել իրավիճակ, երբ մինչեւ սահմանված ժամկետի լրանալը, զինծառայողն իրավունք կունենա իր ցանկությամբ ներգրավվել մարտական հերթապահության, ինչը բացառված է վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) չանցած լինելու դեպքում:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունման արդյունքում պետք է  համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը եւ մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները»:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը: