Կկատարենք ու նաև կգերակատարենք․ Անանայանը՝ եկամուտների հավաքագրման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ՊԵԿ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ ստվերի դեմ պայքարում ի՞նչ արդյունք է գրանցվել։

«Եթե կարելի է, թվերով ներկայացրե՛ք, քանի որ շատ էինք խոսում, որ հարկային հավաքագրումը թերի է կատարվում», - հետաքրքրվել է Արթուր Գրիգորյանը:

Անանյանը նշել է, որ ստվերի գնահատման մեթոդաբանություն են հիմա մշակում և ոլորտային գնահատում պետք է անեն:

«Ասեմ, որ էլի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ, տարբեր գնահատականներ, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններից»,- ասել է Անանյանը:  

Ստվերի գնահատական, ըստ Անանյանի, չկա, և դրա համար հիմա ռեսուրսներ են ծախսում, ութ ամիս է՝ դրա ուղղությամբ գնում են:

«Դրա իմաստն այն է լինելու, որ, պատկերավոր ասված, հեռուստացույցի մեծ էկրան ենք ունենալու պատին կպցրած, որն իրական կյանքում ցույց է տալու ոլորտային ստվերի գնահատական միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլի համեմատականի հետ: Սա որ ունենանք, Ձեր հարցին ճշգրիտ կպատասխանեմ»,-ասել է նա:

Իրականում թե ինչպես է հիմա իրականացվում, ՊԵԿ նախագահն ասաց՝ վերլուծական մեթոդաբանություններով, գործիքակազմով: «Հարկային վարչարարության բոլոր գործընթացներն ավտոմատացված են, և սկսել ենք մեծ թվերի վերլուծական գործիքակազմի կիրառումը, երբ կարողանում ենք այս կամ այն ոլորտի հիմնական խաղացողների մոտ շարժը գնահատել: Դրա միջոցով կարողանում ենք հասցեական ստվերի դեմ պայքար տանել: Կանոնակարգված, բայց ոչ համակարգված պայքար է»:

ՊԵԿ նախագահը նաև նշել է, որ 2018 թիվը հեղափոխական տարի էր եկամուտների հաշվառման մեթոդաբանության առումով: Անանյանն ասել է, որ եկել են ընդհանուր գնահատականի, որ ՊԵԿ-ի առջև դրված խնդիրները կատարել են՝ ծրագրային ճշգրտված ցուցանիշի 99.7 տոկոսով, այսինքն՝ 1 տրիլիոն 258 մլրդ են կատարել, ընդ որում, առաջին անգամ այն ցուցանիշն է, որտեղ հաշվառված չեն կանխավճարները:

«Այո, կարող էր ավելի լավ լինել, բնականաբար, կարող էր, բայց եկե՛ք ասենք, որ 18-ինը բավարար էր, իսկ 2019-ի համար մեր գնահատականներն ավելի լավատես են»,- ասել է Անանյանը:

Ըստ նրա՝ բյուջեի 2019 թ.-ի եկամուտները ծրագրավորված են 1 տրիլիոն 401 մլրդի շրջանակում, առաջին եռամսյակում համամասնությունը, որ սահմանվել է 285 մլրդի շուրջ, դեռևս ամիսը չվերջացած կատարել են:

«Այսօր առավոտ՝ մարտի 20-ի տվյալով, 280 մլրդ համարվում է կատարված: Ունենք 10 օր, պետք է 5 մլրդ կատարենք. համարում եմ, որ կկատարենք և կարծում եմ՝ նաև կգերակատարենք»,- ասել է նա: