ԵՏՄ տարածքում նախատեսվում է վերացնել ռոումինգային կապը. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Տիգրան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда»-ն:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում միջպետական ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավելել է, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հանդիպումներ են նախատեսվում բիզնեսի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ: