Նուրսուլթան Աբիշևիչը չի խորհրդակցել, բայց ՌԴ նախագահին տեղյակ է պահել այդ մասին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հրաժարականի մասին հայտարարելուց առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խորհրդակցել, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ոչ, Նուրսուլթան Աբիշևիչը չի խորհրդակցել, և, իհարկե, այդ մասին չէր կարող անգամ խոսք գնալ: Բայց, բնականաբար, նա հնարավոր ու անհրաժեշտ է համարել ՌԴ նախագահին տեղյակ պահել այն մասին, ինչը, կարելի է ասել, հասարակության սեփականությունը դարձավ խոսակցությունից մի քանի ժամ անց», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ղազախստանի առաջին նախագահը հրաժարականից առաջ խորհրդակցել է իր ռուս գործընկեր Պուտինի հետ:

Ըստ Պուտինի խոսնակի՝ Նազարբաևի զանգը երկու երկրների միջև բարեկամական ու դաշնակցային սերտ հարաբերությունների դրսևորում էր:

Նազարբաևը մարտի 19-ին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: 

Լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն փաստը, որ հրաժարականի հայտարարումից ժամեր առաջ Ղազախստանի առաջնորդը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ:

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում մարտի 20-ից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: