Երեխայի ծնունդով բնակարանի վարկառուի տոկոսադրույքը կնվազի 0,5 %-ով. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

վարկ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում ներկայացվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում  է վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը նվազեցնել 0,5 տոկոսով:

Վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորմանը տրամադրվելու է պետության կողմից: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս փոփոխությամբ կմեղմվի վարկառուների վարկային բեռը, ինչպես նաև այն կնպաստի ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:

«Ներկայումս շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա: Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը»,- նշված է նախագծում:

Կառավարության՝ մարտի 7-ի նիստում ընդունվել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները մեղմող որոշում: Վարկի ժամկետը երկարաձգվել էր մինչև 30 տարի, բարելավվել էին երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները, հանվել եր ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը՝ թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

Ծրագրի հասանելիությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը նաև նվազեցրել էր բնակարանի ձեռքբերման կանխավճարը. երիտասարդ ընտանիքները կկարողանան նախկին 9,5 %-ի փոխարեն 7,5 % կանխավճարով բնակարան ձեռք բերել: Բարձրացվել էր նաև բնակարանի արժեքը՝ դառնալով 30 մլն դրամ: