Որոշ գիշերօթիկ հաստատություններ կլուծարվեն․ գումարը կուղղվի նրանց ընտանիքներին․ Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Զառա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չի կարող ասել, թե քանի գիշերօթիկ հաստատություն կփակվի։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսքը վերակազմավորման ու լուծարման մասին է։

«Սա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք  երեխաների՝ իրենց համայնքներում ապրելու հնարավորությունն ապահովել։ Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, պետք է հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց։ Գիշերօթիկ հաստատությունները, ցավոք սրտի, հաճախում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք այդ ընտանիքներին օգնելուն ու համայնքում այդ ծառայությունները ստեղծելուն»,- ասել է Բաթոյանը։

Բաթոյանը նկատել է, որ գիշերօթիկ հաստատությունների նպատակը երեխաների խնամքն է, սակայն ցավով արձանագրեց, որ այսօր երեխաներին միայն խնամք չէ անհրաժեշտ։

«Երեխաները  պետք է զարգացման, լավ կրթության հնարավորություն ունենա, երեխաները  պետք է իրենց հասակակիցների, քույր ու եղբայրների հետ նույն համայնքում մեծանան։ Որքան էլ մենք գիշերօթիկ հաստատությունում լավ պայմաններ ստեղծենք, շատ լավ սնունդ տրամադրենք, միևնույն է, դա այն միջավայրը չէ, որտեղ պետք է երեխան զարգանա, քանի որ հեռահար նպատակը՝ զարգացման հեռանկարը, սահմանափակվում է գիշերօթիկ հաստատությունում»,- ասել է Բաթոյանը, ապա հավելել, որ գիշերօթիկ հաստատությունների օպտիմալացումն ամենևին կապ չունի կառավարության նախաձեռնած օպտիմալացման ծրագրի հետ։

«Նման հաստատությունների փակումը կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ, այսինքն՝ մարդու իրավունքների ապահովման լավագույն տարբերակը մարդու՝ իր իսկ համայնքում ապրելու իրավունքի ապահովումն է։ ՀՀ-ն, ցավոք, այս իմաստով շատ ուշացել է, այսօր մենք մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես՝ Խարբերդում, ունենք մարդիկ, որոնց 18 տարին լրացել է, բայց իրենք դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն։ Մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք այդ մարդկանց հնարավորինս շուտ այդ հաստատություններից դուրս բերելու ու նրանց կյանքը լիարժեք  ապահովելու»,- ասել է նախարարը։

Բաթոյանը գիշերօթիկ հաստատությունների սննդի հետ կապված դժգոհություններ չի ստացել, բայց հորդորում է նման տեղեկություններ ունեցողներին անպայման իրազեկել իրեն։