Փիլիպոսյանը Քարահունջում պեղումներ անցկացնելու իրավունք չունի․ քաղակտիվիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

«Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցի տարածքում պեղումները հարուցել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստների դժգոհությունը, որոնք հանդես են եկել վանդալիզմը կասեցնելու պահանջով: Նախաձեռնող խումբը մարտի 11-ին նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով սառեցնել պեղումների գործընթացը եւ վերականգնել հնագույն մեգալիթյան համալիրի նախնական տեսքը:

Մարտի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնող խմբի անդամ Արթուր Արամյանը հայտնեց, որ պեղումները կատարվում են գործող օրենսդրական նորմերի, ինչպես նաեւ Հնագիտական ժառանգության պահպանման մասին եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Մասնավորապես՝ վնասվել են հնագույն քարերը, ինչը ակտիվիստները գրանցել են Քարահունջ այցելության ժամանակ:

Պեղումներն անցկացվում են «Պատմական միջավայրի եւ պատմամշակութային արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն» ՀԿ գիտքարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ: Արամյանը նշեց, որ Փիլիպոսյանը փորձում է ամեն կերպ հերքել այն վարկածը, որ Քարահունջը հնագույն աստղադիտարան է՝ համաշխարհային մշակույթի համար նրա նշանակությունը հասցնելով սովորական դամբարանի մակարդակի: «Դրանից բացի, նա հրապարակայնորեն հայտարարել է այն մասին, որ հնադարում հայերը աստաղագիտությամբ չեն զբաղվել»,- հավելեց ակտիվիստը:

Նաեւ նշեց, որ գործող օրենսդրությամբ Փիլիպոսյանը պեղումներ անցկացնելու իրավունք չունի, քանի որ միջկառավարական հանձնաժողովի անդամ է: «Այսպիսով ակնհայտ է պաշտոնեական լիազորությունների գերազանցումը»,- հայտարարեց Արամյանը:

Քննադատվեց նաեւ «Զորաց քարեր բնակատեղի» մշակութային արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի գործունեությունը: Այսպես՝ տարածքի հսկողության բացակայության պատճառով հնագույն քարերի վրա ներկի բալոններով տարօրինակ խորհրդանիշներ են նկարվել, ընդ որում՝ անգամ դրանք հանելուց հետո քարերի վրա նկատելի հետքեր են մնացել: Դրանից բացի, արգելոցի տարածքում իրականացվել է անասունների արածեցում, նկարահանումներ են կատարվել կիսամերկ կանանց, ինչպես նաեւ այլմոլորակային մանեկենների մասնակցությամբ՝ բավականին անպարկեշտ դիրքերով:

Վերեւում թվարկվածը հաշվի առնելով՝ նախաձեռնող խումբը պահանջում է պեղումները կասեցնել (կամ սառեցնել) եւ հնագիտական հուշարձանին վերադարձնել նախնական տեսքը, Փիլիպոսյանին զրկել Քարահունջում պեղումներ անցկացնելու իրավունքից, ստեղծել անկախ փորձագետների խումբ՝ պատճառված վնասը գնահատելու համար, անցկացնել Ավագյանի գործունեության ուսումնասիրություն եւ նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:

Արամյանը մատնանշեց հնագիտական հուշարձանի ցանկապատման աշխատանքների անցկացման եւ տարածքում հսկողության կազմակերպման կարեւորությունը: Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է նաեւ հանդես գալ Քարահունջը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության համաշխարհային ցանկում ներառելու նախաձեռնությամբ: