Ճապոնիայի 88,748 ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կծառայի ՀՀ-ում կանանց և երեխաների առողջությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1

Առողջապահության նախարարության հարկի տակ տեղի է ունեցել «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Այն տրամադրվել է «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը 88,748 ԱՄՆ դոլարի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Ջուն Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները`օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների: