Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Գորիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։ Սիսիանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։
Ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք արձանագրվել է Մասիսի բաժնում։
Արտաշատի բաժնի քրեական հետախույզների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու երկու դեպք։ Ենոքավան գյուղի մի բնակիչ էլ ոստիկանության Իջևանի բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բերդավան գյուղի մի բնակիչ էլ Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հրացան և ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել Կոտայքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները. արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Ապարանի բաժնում համայնքային ոստիկանների իրականացրած միջոցառումների շնորհիվ Շենավան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ողորկափող հրացան։ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Ապարանի բաժնում արձանագրվել է ողորկափող հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու մի դեպք էլ արձանագրվել է Արաբկիրի բաժնում։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ԶՀ