Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 27, 24News

կ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ պատմեցին, որ որդեկորույս ծնողները վերջին օրերին պառակտվել են: Մանավանդ այն բանից հետո, երբ զոհվածների ծնողները հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը: Առավել ընդդիմադիր, արմատական տրամադրված ծնողները որոշել են հեռանալ նրանցից։ Փաստորեն, իշխանությանը հաջողվեց այստեղ էլ պառակտում մտցնել։ Իսկ նստացույցը դադարեցնելու պատճառն այն է, որ ծնողների առաջ պայման է դրվել` կա՛մ պայքարը դադարեցնում եք, կա՛մ Գայանե Հակոբյանը երկար է նստելու:

Մեր աղբյուրը նշում է, որ ծնողներից ոմանք էլ Գայանե Հակոբյանին են սկսել մեղադրել՝ իշխանությունների հետ համագործակցելու համար։ Եվ որդեկորույս ծնողները բաժանվել են մի քանի թեւի՝ ավելի արմատական թեւ եւ ոչ այնքան։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ անհասկանալի իրավիճակ է այժմ ծնողների շրջանում, պառակտում է, թե ոչ՝ հստակ չի կարող գնահատել, սակայն մի բան հստակ է, որ Գայանե Հակոբյանի վրա ճնշում է գործադրվել, ինչի արդյունքում էլ ստեղծվել է այս անհասկանալի իրավիճակը:

«Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կարեւորն այս պահին Գայանե Հակոբյանի հարցն է, իսկ ինչ վերաբերում է պառակտմանը, ասաց․ «Նման բան չկա, ոչ մի պառակտում»:

 --00—ԱՊ