Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

b101f56d-68d6-4c31-b4e0-1225a984de19.jpg

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացող արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: 

«Սյունիքի մարզում ապրում են Աղավնո գյուղից և Բերձոր քաղաքից հարկադրաբար տեղահանվածներ և Արցախի բնակիչներ, որոնք  Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն: Արցախցի մեր հայրենակիցները տեղավորվել են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով և կացարանով: Նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է միշտ նրանց կողքին: Բնականաբար, դա երբեք չի կարող փոխլրացնել այն, որ մարդիկ զրկված են իրենց տուն գնալու, իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ մարզպետարանին հայտնի չէ գեթ մեկ ընտանիք, որին անձամբ ինքը կամ մարզպետարանի ղեկավար անձնակազմն այցելած և աջակցած չլինի: Աղավնոյից և Բերձորից տեղահանվածներն ունեն նաև բնակարանների գնման վկայականներ: 

«Այստեղ հարցը մի քիչ հոգեբանական է: Շատ լավ կլինի, որ մարդիկ իրենք վերջնական ընտրեն այն բնակավայրը, որտեղ կուզեն բնակվել: Այն, որ Սյունիքում ավելի մեծ թվով արցախցիներ կան, կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ նրանք ուզում են հնարավորինս մոտ լինել այն տարածքին, որտեղից ստիպված են եղել դուրս գալ»,- ասաց նա։ 

Ռոբերտ Ղուկասյանը նաև հավելեց, որ սյունեցիներն  արցախցիներին աջակցում են բոլոր հարցերում: 

--00--ԶՀ