Մբապեն հայտարարել է՝ որտեղ կշարունակի կարիերան հաջորդ մրցաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Mbappe-750x375.jpg

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) մրցանակը Մբապեն ստացել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի ձեռքից։ ՊՍԺ-ի հարձակվողն այս մրցանակը ստացել է 2019, 2021 և 2022 թվականներին (2020 թվականին համաճարակի պատճառով մրցանակաբաշխություն չի եղել):

Մրցանակաբաշխության ժամանակ Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ում մնալու ցանկության մասին։

«Ես շատ ուրախ եմ ՊՍԺ-ում լինելու և այս նախագծի մաս լինելու իմ ընտրության համար: Ես կմնամ այստեղ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Մբապեն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները ֆրանսիացի ֆուտբոլիստի ապագան կապում էին Մադրիդի «Ռեալի» հետ։ Չի բացառվում, որ Մբապեն՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո, որը լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում, ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի մադրիդյան ակումբ։

--00--ԶՀ