Մարտի 23-ին շաբաթօրյակին Երևանում կտնկվի 5000 ծառ․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ծառ

Երևանում մարտի 23-ին շաբաթօրյակի ժամանակ կտնկվի շուրջ 5000 ծառ. այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը։

«Բացի ավանդական ծառատեսակներից՝ լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաեւ պավլովնյաներ: Այս տարի մենք նաեւ խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով եւ ավելի բարձր հասակով»,- նշել է  Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական 12 հասցեի ներկայիս վիճակը տարիների պատմություն ունի: Բնակելի շենքերի ու կրթօջախի հարեւանությամբ փոքրիկ աղբավայր հիշեցնող տարածքը եւս կմաքրվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում: Նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել մայրաքաղաքի եւ՛ կենտրոնական, եւ՛ արվարձանային հատվածներում:

«Կխնդրեի, որ շինարարական աղբը թափեին ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլեւ մենք ունենք Նուբարաշենում շինաղբավայր, տանեն այնտեղ: Այն մարդիկ, որոնք չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծել է նա:

Համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով:

«Համաքաղաքային շաբաթօրյակին միացել են Երեւանի բոլոր մշակութային հիմնարկները: Նախատեսել են յուրովի եւ շատ գեղեցիկ մշակութային միջոցառումներ: Մեզ է նաեւ միացել արվեստագետների մի հսկայական բանակ եւ իրենց մասնակցությամբ նախատեսել ենք կազմակերպել գեղեցիկ ֆլեշ-մոբեր՝ «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով: Կոչ ենք անում բոլորին մարտի 23-ին միանալ մեզ: Տոնական շաբաթօրյակ բոլորիս», - նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժ/պ Գոշ Սարգսյանը:

Բոլոր վարչական շրջաններում գործում են հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու եւ գործիքների ձեռքբերման համար կարող են զանգել նշված հեռախոսահամարներով: