Չեն նվիրում պետությանը, վերադարձնում են պետությունից վերցրած գումարը․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը ասել է, որ հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը։

«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», - հայտարարել է Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին՝ դրանք կատարվում են օրենքի սահմաններո՞ւմ, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան է տվել:

ԱԱԾ տնօրենը անուններ չի նշել, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն է փոխանցել 19 մլն դոլար։