ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը․ ԵՄ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

եմ

Եվրամիությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, սակայն կոչ է անում խուսափել այն քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը:  Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի  հայտարարության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով մի քանի առանցքային թեմայի վրա, ինչպիսիք են՝ սահմանային, մարդասիրական խնդիրները, հաղորդակցությունները և նախկին ԼՂԻՄ-ի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Նշված է հաղորդագրության մեջ

«Ողջունում ենք այս կապակցությամբ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը։ Ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։ Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահության ձևավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում և ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար:», - հավելել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

--00—ԱՊ