Երևանն ու Դոնի Ռոստովը մտադիր են խորացնել գործակցությունն ու աշխատել հստակ ծրագրերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

photo_2023-05-30_16-42-58

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին: Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Լևոն Հովհաննիսյանը, կարևորելով կապերի ընդլայնումը և քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրը, ընդգծել է փոխգործակցությունը զարգացնելու և համատեղ ծրագրերի իրագործումն աշխուժացնելու Երևանի պատրաստակամությունը:

«Հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները՝ պետք է շարունակել գործակցության խորացումն ու ամրապնդումը:  Վստահ եմ՝ Երևան այցը կլինի արդյունավետ և կաշխատենք տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար, նաև կնախանշենք հետագա անելիքները»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և ներկայացնելով Դոնի Ռոստովի տնտեսական, արդյունաբերական ներուժն ու զագացման նոր հնարավորությունները, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն վստահություն է հայտնել, որ Երևան այցի ընթացքում կձևավորվեն փոխշահավետ գործակցության հեռանկարային ծրագրեր:

 «Դեռևս 2005թ. ստորագրվեց երկու քաղաքների միջև առաջին փաստաթուղթը: Հետագա տարիներին ստորագրվեցին համագործակցության տարբեր փաստաթղթեր: Հնգամյա ծրագրով այսօր արդեն կարող ենք խոսել նոր նախագծերի իրականացման հնարավորության մասին: 2024թ. նախատեսում է անցկացնել «Երևանի օրերը Դոնի Ռոստովում» և «Դոնի Ռոստովի օրերը Երևանում» միջոցառումները»,-նշել է Լոգվինենկոն ու մատնանշել հայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների առնչությամբ:

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում:

--00—ՅՄ