Քույրերին վրաերթի էր ենթարկել Թբիլիսյան խճուղում ու փախել․ վարորդը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

վթար

ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

2019 թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմանում, Երևանի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 և 2002 թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է պատահարի վայրը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Դեպքի առթիվ 2019 թ. մարտի 18-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժին և 2019 թ. մարտի 20-ին ընդունվել վարույթ:

2019 թ. մարտի 21-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու համար: