Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեցին, որ Թուրքիայի սիրելիներն են․ Սահակ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատրիարքարանի և պատրիարքի ընտրության հարցերին։ Նրա տեղեկացմամբ՝  1863 թ․-ի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թ․ սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, համաձայն որոնց՝  պատրիարքի աթոռը թափուր համարելու համար գործող պատրիարքի հիվանդությունը բավարար պատճառ չէ: Միաժամանակ եպիսկոպոսը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են եղել, այլ գիտակցության բացարձակ կորուստը, և հույս է հայտնել, որ այդ հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել պետական պաշտոնյաների հետ:

«Այս պահին պետության ցանկությունը հնարավոր չէ անտեսել, քանի որ պատրիարքությունը 450 տարի շարունակ գործել է որպես օսմանյան հաստատություն և դեռ շարունակում է առաջնորդվել այդ ռեֆլեքսներով»,-հայտնել է կրոնական ժողովի ատենապետը՝  հավելելով որ ժողովրդի մեծամասնությունն էլ համայնքի կառավարման հարցում բավական գիտելիքներ չունի: Իսկ թե ինչու ինքը չի պայքարել թուրքական պետության նման դիրքորոշման դեմ, Սահակ Սրբազանն ասել է․ «Կարող էինք ամեն ինչ կրակի տալ, փոշի ու ծուխ բարձրացնել: Բավականին էլ հետաքրքիր կլիներ: Սակայն այդպես մեզ միայն ավեր կբերեինք»:

«Աթեշյանը և Պետրոս Շիրինօղլուն ապացուցեցին, որ պետության սիրելիներն են: Մեր համայնքի խնդիրների նվազագույնը 70 տոկոսի աղբյուրը բյուրոկրատական խոչընդոտներն են: Նրանք  իրենց կապերն օգտագործելով կարող են փակ դռները բացել: Այս ուղղությամբ մեր համայնքը նրանց պետք է աջակցի և խրախուսի»,-գրել է Սահակ Սրբազանը՝ չնայած այն հանգամանքին, որ նա նախկինում կոշտ էր արտահայտվել Աթեշյանի հասցեին։  

Հիշեցնենք, որ  փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: