Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Վանեցյան

Ո՛չ, ճիշտ չէ, հերքում եմ այդ լուրը, այդ լրատվամիջոցին էլ հորդորում եմ հերքումով հանդես գալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե ինքը բենզինի բիզնեսում խոշոր դիրք ունի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրան դուրս գալ շուկայից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն։

ԱԱԾ տնօրենը նշել է, որ եթե մամուլում իրեն վերաբերող ամեն սուտ հրապարակման հետևից գնա ու դատական հայց ներկայացնի նրանց դեմ, ապա խայտառակ պատկեր կլինի։

«Պարզապես օգտագործում են իմ անունը, որ իրենց դիտումները շատ լինեն, սա ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»,-եզրափակեց Արթուր Վանեցյանը։