Ռուսաստանը կանխել է իր տարածք ներխուժման փորձը, իսկ Կիևում հրթիռակոծության հետևանքով կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

0a40f78a-f568-4b37-b3a7-f95ee8f5a9f8.jpg

Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը գնդակոծվել է «Գրադ» համակարգի հրթիռներով: Գնդակոծության հետևանքով 1 մարդ վիրավորվել է, հրդեհ է բռնկվել հանրակացարանի շենքում, վնասվել է նաև վարչակազմի շենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նա հավելել է, որ քաղաքը հոսանքազրկվել է:

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ՌԴ զինված ուժերը, սահմանապահները և Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումները հետ են մղել ուկրաինական ուժերի երեք հարձակում Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանի ուղղությամբ:

«Ահաբեկչության փորձը կանխվել է», - նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ մինչև երկու մոտահրաձգային վաշտ, տանկերով ուժեղացված, փորձ է կատարել ներխուժել ՌԴ տարածք Նովայա Տավոլժանկա բնակավայրի և «Շեբեկինո» ավտոմոբիլային անցակետի հատվածում:

ՌԴ Կալուգայի մարզի նահանգապետն էլ հայտնել է, որ Տովարկովո բնակավայրի մոտ անհայտ օբյեկտ է ընկել, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Տուժածներ չկան:

Ուկրաինայից էլ հաղորդել են Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևի զանգվածային գնդակոծության մասին: BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով քաղաքային ռազմական վարչակազմի հաղորդած տվյալները, նշում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի երեխա: 14 մարդ վիրավորվել է: Բեկորները վնասել են մանկական պոլիկլինիկայի շենքը և բազմաբնակարան շենք, որտեղ պայթյունի ալիքից պատշգամբ է պոկվել: Բեկորներ են ընկել նաև 2 դպրոցների և ոստիկանական տեղամասի վրա:
--00--ԶՀ