Քննարկվել են ՀՀ-ում Չինաստանի երկրաբանական կորպորացիայի ներդրումային ծրագրերի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

l-0x54wh-1280x745z-0.6141.jpeg

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: 

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: 

Վահան Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և վերջերս ՀՀ Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով նախանշվել են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանում ընկերության նախագծերի բարեհաջող իրականացմանը։

--00--ԶՀ